October 4, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Երևան/ Հայաստան
Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման կապակցությամբ, որը շարունակվում է սեպտեմբերի 27-ից ի վեր: Հայաստանի արևելքում գտնվող Վարդենիս քաղաքը նույնպես հայտնվել է ադրբեջանական ուժերի կրակի տակ: Ավելին, հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային հարձակում են իրականացրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև զինվորական անօդաչու թռչող սարքերից հրթիռակոծել Մեծ Մասրիկ բնակավայրը: Այնուհետև, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության օդային տարածք և հետախուզական թռիչքներ իրականացրել մայրաքաղաք Երևանի վրայով: Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Հայաստանի օդային պաշտպանական ուժերի կողմից:
Այս հարձակումն ուղեկցվում է միջազգային իրավունքի և զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող կանոնների կոպիտ խախտւմներով: Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութ և Բերդաձոր քաղաքները:
Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանգեցրին լարվածության կտրուկ բարձրացմանը:
Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հանրայնորեն դատապարտել է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտ դիմելով պատերազմի: Այդ նպատակով, Ադրբեջանը նաև կողմնակի ուժեր է ներգրավում, դրանց թվում՝ Թուրքիային: Համաձայն հավաստի աղբյուրների՝ Թուրքիան, Սիրիայի տարբեր մասերից, օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ է տեղափոխում դեպի Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ օգտագործելու համար, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ:
Մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ Ադրբեջանը նախաձեռնել է նոր հարձակում, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, քանի որ Ադրբեջանը կրկին ցուցադրել է այդ տարածքը հայերից բնաջնջելու իր մտադրությունը:
Մի երկիր, որն իրեն ներկայացնում է իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել՝ արդեն հասել է իր իրավասության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության հետքի համակողմանի ոչնչացմանը՝ 20-րդ դարի ողջ ընթացքում իրականացնելով հայերի հարուստ մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն:
Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակի կողմից հողին հավասարվեցին Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր: Կան բավարար փաստեր, այդ թվում լուսանկարներ և տեսագրություններ, որոնք ցույց են տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները: Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 16-րդ գլխավոր ժողովը 2008 թվականին ընդունել է մի բանաձև, որով միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտել վանդալիզմի այս գործողությունների վերաբերյալ և ափսոսանքով նշել, որ «Այս ժառանգությունը, որ երբեմն արժանի տեղ էր զբաղեցնում համաշխարհային մշակույթի ժառանգության գանձարանում, այսօր այլևս չի կարող փոխանցվել գալիք սերունդներին»:
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ, որպեսզի ժառանգությունը պաշտպանվի: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:
2015 թվականին Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսում ընդունվեց հռչակագիր, որը խստագույնս դատապարտում է մշակութային զտումը, բարբարոսական ոչնչացումը, բռնությունը, գանձագողությունը և մարդկության մշակութային ժառանգության նկատմամբ իրագործվող այլևայլ հանցանքները:
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականությանը՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:
Այսօր, միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր կողմից նախապես կազմակերպված հարձակման հետևանքների և տարածաշրջանային անվտանգության, ապակայունացման ողջ պատասխանատվությունը:
Ներկայումս կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են: Մենք՝ թանգարանային ոլորտի մասնագետներս, պարտավորված ենք հանրահռչակել և միջազգային հանրությանը կոչ անել պաշտպանել և պահպանել մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային բարօրությանը հասնելու միջոցներից է: Խորապես հավատում ենք ԻԿՕՄԻ-ի հանրահռչակած գաղափարախոսությանն, ըստ որի՝ թանգարաններն ու մշակույթը նպաստում են խաղաղությանն ու փոխընկալմանը, պահպանում մարդկության հիշողությունը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը:
Հարգանքներով՝
Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի նախագահ՝
Անի Ավագյան
ENGLISH –
STATEMENT ON THE RECENT AGRESSION OF AZERBAIJAN OF ICOM ARMENIA
FRANÇAIS –
DECLARATION SUR L’AGRESSION RECENTE DE L’AZERBAÏDJAN CONTRE LE NAGORNO-KARABAGH
ESPAÑOL –
DECLARACIÓN SOBRE LA RECIENTE AGRESIÓN DE AZERBAIYÁN
ARMENIAN –
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀԻ ՀԱՆԴԵՊ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ